Հին Երևանի տոները

Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետական, պահանջները՝ քիչ. մարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածով, ստացած բերք ու բարիքով։ Ոչ մի հասարակական վայր, հավաքատեղի։ Հանդիպում էին շաբաթ կամ կիրակի, տոներին, իսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։ Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։
Հին Երևանում ամենից լավ նշվող տոնը, որը պարտադրված էր նաև հայերին, «Նովրուզբայրամն» էր՝ Նոր տարին։ Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրը` վաղ առավոտյան, քաղաքի մեծամեծները, իշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝ թանկագին մատանիներ, ոսկե զարդեր, գորգեր։ Պարզ է, որ այս նվիրատվությունը, մանավանդ հայ իշխանների կողմից, հոժարակամ չէր, այլ՝ պարտադիր մի տուրք, որը վաղօրոք հավաքում էին, պատրաստում, որ «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։ Իսկ խալխը խեղճ, աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզ սուլթանիե, որը նշանակում է Թագավորական նոր տարի։ Մարտի 21-ին, արևը ծագելուց 47 րոպե անց, մահմեդական Լուսնի տարվա 12-րդ ամսի 1-ին, բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիս` ավետելով նորի սկիզբը։ Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էր, սկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիների բակերում, մահմեդականները՝ մզկիթների, որտեղ «շիրին չայ» էին խմում, զրուցում։ Ուրախությունը, կերուխումը տևում էր 3 օր։ Բայց սարդարի պալատում և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում է, որ նույնիսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներ, ըստ ընդունված կարգի, Էջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։ Եվ այդ շնորհավորանքը, պարզ է, առանց «փեշքաշի» չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ուներ ազգային, հիմնականում եկեղեցական տոներ. Սուրբ Ծնունդը, Խաչը ջուրը գցելու արարողությունը, հետո՝ Տրնդեզը, Զատիկը, ամռանը՝ Վարդավառը…

Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում  հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է:

Оставьте комментарий